Հանրագիտարան

Հարավային Աֆրիկա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքները՝ Պրետորիա, Քեյփթաուն, Բլումֆոնտեյն
Տարածքը՝ 1.233,4 հզ. կմ2
Բնակչությունը՝ 47,6 մլն
Պետական լեզուները՝ անգլերեն, աֆրիկաանս
Դրամական միավորը՝ ռենդ

Աշխարհագրական դիրք

Հարավաֆրիկյան Հանրապետությունը (ՀԱՀ) Աֆրիկայի ամենահարավային և ամենազարգացած պետությունն է: 
Արևելքում՝ Դրակոնյան, հարավում Կապի լեռներն են, իսկ մնացած տարածքը զբաղեցնում է տափարակ սարահարթը, որտեղ արևելքից արևմուտք միմյանց փոխարինում են սավաննաները, կիսաանապատներն ու անապատները:
 
Կլիմա, բուսականություն
Լեռներում աճում են մշտադալար մերձարևադարձային անտառներ: Երկրի տարածքի մեծ մասն ունի արևադարձային շոգ կլիմա: Չորային կլիմայի պատճառով գետային ցանցը թույլ է զարգացած: Համեմատաբար խոշոր գետերն են Լիմպոպոն (Կոկորդիլոսների գետ) և Օրանժը՝  Վաալ վտակով: Տարածված են եղել բազմապիսի կենդանիներ (առյուծներ, ընձառյուծներ, բորենիներ, այծքաղներ, ընձուղտներ, փղեր, վագերաձիեր, ռնգեղջյուրներ): Անխնա որսի հետևանքով նրանց քանակը խիստ նվազել է. այժմ պահպանվում են միայն արգելոցներում ու ազգային պարկերում: Առավել նշանավոր է Կրյուգերի ազգային պարկը: 
 
Պատմություն
Եվրոպացիների կողմից տարածքի գաղութացումն սկսվել է 1652 թ-ին, երբ հոլանդական Արևելահնդկական ընկերության ներկայացուցիչները մի խումբ զինվորներով ու բանվորներով ափ դուրս եկան ծովածոցերից մեկում և հիմնեցին Քափստադ (այժմ՝ Քեյփթաուն) քաղաքը: Այսպես հիմնադրվեց Քեյփի (կամ Կապի) գաղութը:
Մի քանի տարի անց Հարավային Աֆրիկա եկան հոլանդացի առաջին գաղութաբնակները, որոնց հետևեցին  վերաբնակներ Գերմանիայից, Ֆրանսիայից, այլ երկրներից: Այդ վերաբնակների սերունդներին կոչեցին բուրեր (հոլանդերեն «բոեր»՝ գյուղացի բառից): 1806 թ-ին Անգլիան Հոլանդիայից խլեց Քեյփի գաղութը, որին հետևեց անգլիացի վերաբնակների զանգվածային ներգաղթը: XIX դարի 30-ական թվականներին անգլիացիների ճնշմամբ բուրերն սկսեցին արտագաղթել դեպի հյուսիս, որտեղ նրանք հիմնեցին 2 հանրապետություններ՝ Տրանսվաալը և Օրանժի ազատ պետությունը: 
Գաղութարարների այս տեղաշարժերն ուղեկցվում էին տեղաբնիկների ոչնչացմամբ կամ ստրկացմամբ: Եվրոպացիները շուտով հայտնաբերեցին ալմաստի և ոսկու հարուստ հանքավայրեր: Այդ ավարը բաժանելու համար ծագեց 1899–1902 թթ-ի անգլո-բուրական պատերազմը, որն ավարտվեց անգլիացիների հաղթանակով. ստեղծվեց Հարավաֆրիկյան Միությունը, որը, որպես դոմինիոն (այսինքն՝ ենթակա պետություն), 1910 թ-ին մտավ Բրիտանական կայսրության կազմի մեջ: Վաղեմի թշնամիները՝ անգլիացիներն ու բուրերը, միացան, որպեսզի ընդհանուր ջանքերով տիրապետեն մի քանի միլիոն տեղաբնակ աֆրիկացի բնակչությանը:
Աֆրիկայի հարավում եվրոպական գաղութարարների հիմնած պետությունը, որը կառավարում էին բացառապես սպիտակամորթները, 1961 թ-ից կոչվեց Հարավաֆրիկյան Հանրապետություն (ՄԱԿ-ի փաստաթղթերում՝ Հարավային Աֆրիկա): ՀԱՀ-ի աֆրիկացի տեղաբնիկները (5 անգամ ավելի շատ են, քան եվրոպացիները) իրենց աշխատանքով ստեղծում էին երկրի ամբողջ հարստությունը, սակայն զրկված էին բոլոր իրավունքներից և ենթարկվում էին ռասայական խտրականության: Բայց նրանք երբեք չհաշտվեցին ռասիստական վարչակարգի վարած ապարտհեյդի (աֆրիկաանս լեզվով նշանակում է անջատ բնակություն) քաղաքականության հետ, որն ապրելու և աշխատելու ծանր պայմաններ էր ստեղծում բնիկ ժողովրդի համար: Երկրում սկիզբ առավ հակագաղութային, հակառասիստական հուժկու շարժում, որը 1990-ական թվականների սկզբին պսակվեց հաջողությամբ: ՀԱՀ-ում վերացվեցին խտրական օրենքները, վերջ դրվեց ապարտհեյդի քաղաքականությանը, սևամորթ բնակչությունը հնարավորություն ստացավ մասնակցելու պետության կառավարմանը, իսկ նրանց ղեկավար Նելսոն Մանդելան (Խաղաղության նոբելյան մրցանակ`   1993 թ.) ընտրվեց ՀԱՀ-ի նախագահ:

Բնակչություն
Բնակչության թվով ՀԱՀ-ն Աֆրիկա աշխարհամասի 5-րդ պետությունն է.
  • 70 %-ը բանտու ժողովուրդներն են
  • 10 %-ը՝ բուրերը
  • կան նաև բուշմեններ և հոտենտոտներ:
Նրանք խոսում են աֆրիկաանս լեզվով, որը հոլանդերենի, գերմաներենի ու տեղաբնիկների լեզուների յուրօրինակ խառնուրդ է:
ՀԱՀ-ում կան բազմաթիվ խոշոր քաղաքներ՝ Յոհաննեսբուրգ, Պորտ Էլիզաբեթ, Իստ Լոնդոն, 3 մայրաքաղաքները և այլն:
 
Արդյունաբերություն
ՀԱՀ-ի ընդերքը շատ հարուստ է, այդ պատճառով երկիրն անվանում են «երկրաբանական հրաշք»: Այստեղ կա ժամանակակից արդյունաբերության համար անհրաժեշտ գրեթե ամեն ինչ, այն էլ մեծ քանակությամբ: ՀԱՀ-ը ոսկու, պլատինի, ալմաստի, մանգանի, քրոմիտի արդյունահանմամբ աշխարհի առաջատար երկիրն է, իսկ ծարիրի, ուրանի, սուտակի հանույթով երկրորդ-երրորդ տեղերն է զբաղեցնում: ՀԱՀ-ն Աֆրիկայում ածուխ արդյունահանող միակ երկիրն է: Ոսկու արդյունահանմամբ այստեղ զբաղվել են 1886 թ-ից:
Արդյունահանումը ՀԱՀ-ից.
  • XIX դարի վերջին կազմել է տարեկան 20–50 տ,
  • XX դարի սկզբին՝ 200–300 տ,
  • XX դարի կեսին՝ 600–800 տ,
  • առավելագույնը՝ 1970 թ-ին՝ 1000 տ:
1990-ական թվականներից արդյունահանումը նվազել է մինչև 600–650 տ, սակայն նույնիսկ այս ցուցանիշով երկիրն այժմ էլ առաջինն է աշխարհում:
Գործարաններում և ֆաբրիկաներում ձուլում են թուջ, պողպատ ու պղինձ, արտադրում էլեկտրատեխնիկական սարքեր ու ավտոմոբիլներ, գործվածք, պահածոներ և այլն:
 
Գյուղատնտեսություն
Զարգացած է գյուղատնտեսությունը: Տեղական սպառման համար մշակում են եգիպտացորեն, ցորեն, սորգո, գարի, վարսակ, գետնանուշ, շաքարեղեգ, բամբակենի և ծխախոտ, արտահանության համար՝ ցիտրուսներ, արքայախնձոր, խաղող: Սակայն գյուղատնտեսական արտահանության հիմնական հումքը ոչխարի բուրդն է: 
ՀԱՀ-ն ունի 3 մայրաքաղաք՝ Քեյփթաուն (օրենսդիր), Պրետորիա (գործադիր) և Բլումֆոնտեյն (դատական): Պրետորիան իրավամբ կոչում են Տրանսվաալի ծաղիկ: Այգիների և պուրակների մեջ թաղված այս քաղաքում է գտնվում կառավարության նստավայրը: Երկրի խորհրդարանը նիստեր է գումարում Քեյփթաունում: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: